Ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98 625 անձ արդեն Հայաստանում է, հայտնել է, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերաբերյալ և Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
«Ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98 625 անձ արդեն Հայաստանում է: Հակարիի կամուրջը հատել է 20 892 տրանսպորտային միջոց: Ժամը 18:00-ի դրությամբ հաշվառում են անցել 74 382 անձ: 1560 մարդ Հայաստանից մեկնած ավտոբուսներով տեղափոխվել են Գորիս: Ընդհանուր թվով 46 ավտոբուսներ կրկին մեկնել են Ստեփանակերտ և 18:40-ի դրությամբ արդեն իսկ հատել են Հակարիի կամուրջը և հաշված ժամերի ընթացքում կլինեն Ստեփանակերտում»,- ասել է նա:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր անձանց պետության կողմից առաջարկվում է անվճար կեցավայր: Այս պահի դրությամբ 27 396 անձ օգտվել է այդ աջակցությունից: Ըստ մարզերի՝ Արագածոտնի մարզում տեղակայվել է 1617 անձ, Արարատի մարզում 6139 անձ, Արմավիրի մարզում՝ 2749 անձ, Գեղարքունիքի մարզում՝ 2398 անձ, Լոռու մարզում՝ 1404 անձ, Կոտայքի մարզում՝ 7078 անձ, Շիրակի մարզում՝ 1067 անձ, Սյունիքի մարզում՝ 2094 անձ, Վայոց Ձորում՝ 1613 անձ, Տավուշի մարզում՝ 1237 անձ: Նախորդ օրն՝ այս ժամի տվյալներով, այդ թիվը կազմում էր 20 236:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։