ԶԼՄ-ները կապ են տեսել Ադրբեջանցիների գերեվարած մարդկանց ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդդիմախոսելու մեջ: Ըստ «Հրապարակ»-ի՝ տպավորություն է, որ Ադրբեջանն այս հարցը նրա հետ համաձայնեցնում է։
«Ռուբեն Վարդանյանն իշխանության պոտենցիալ ժառանգորդներից է, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը Սերժ Սարգսյանի մտերիմներից, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը»,- գրել է թերթը՝ տեղեկացնելով, որ փոխարենը պետնախարար Գուրգեն Ներսիսյանին ադրբեջանցիները տարել են, սակայն կես ժամ պահել ու բաց թողել, ինչն ըստ ամենայնի, ճշտվել է Երեւանի հետ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։