Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Արցախի նախագահի խորհրդական և հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ձերբակալության մասին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ»,- գրել էր նա։
Սեպտեմբերի 29-ին հայտնի էր դարձել ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի գերեվարման մասին։ Նույն օրը գերեվարվել էր նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին «ձերբակալելու» մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին գերեվարել են, 4 ամսով կալանվորվել է։ Ավելի վաղ նշվել էր, որ Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։