Հանրապետության հրապարակում՝ ի աջակություն Արցախի և իշխանափոխության պահանջով իրականացված հանրահավաքի շրջանակներում Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը՝ ներկայացնելով շարժման հետագա անելիքները հայտարարել է, որ պետք է զուգահեռ տանեն երկու պրոցես՝ կոնսոլիդացիա և ակցիաներ, երթեր, հանրահավաքներ։
«Կոմիտեն այսպես միայն 5 հոգով աշխատել չի կարող, ուզում ենք ընդլայնել այն։ Ես անձամբ դիմեցի մի քանի շատ արժեքավոր մարդկանց՝ հրավիրելով դառնալ կոմիտեի անդամ, նրանք դեռ պատասխան չեն տվել։ Անուններ չեմ հնչեցնում, այդ մարդիկ հարգված մարդիկ են մնալու անկախ նրանից՝ դրական պատասխան կտան, թե՝ ո՛չ։ Կոնսոլիդացիայի համար ես վաղվանից կնստեմ գրասենյակում, կընդունեմ քաղաքական գործիչների, կազմակերպությունների, իսկ տարբեր խմբեր, ոչ միայն կոմիետի անդամ կուսակցություններ, բողոքի ցույցեր, երթեր կանցկացնեն։ Մի մասը մենք կկազմակերպենք, մի մասը դուք կազմակերպեք, ովքեր ընդունում են կոմիտեն, կամ չեն ընդունում, քանի որ սա կոմիտեի համար չէ, այլ հայրենիք համար է», – ասել է նա։
Մանուկյանը նշել է, որ պետք է թույլ չտալ հոկտեմբերի 5-ին կայանալիք Փաշինյան-Ալիևի հետ հանդիպումը։
«Օդանավակայանը վերցնենք, որպեսզի չկարողանա գնալ։ Ոգևորիչ միտք է, բայց չեմ տեսնում, որ ժողովուրդը՝ ջարդված, արցախցիներին տեղավորող, չկոնսոլիդացված, կարողանա դա անել, բայց ցույց տանք, որ դրան դեմ ենք։ Հանրահավաքները գործիքներից մեկն է, կարող է 10 օր լինի, կարող է մի քանի օր չլինել, դա չի նշանակում, որ մարում է։ Մինչև հոկտեմբերի 5-ը պետք է քաղաքը ցույց տա, որ ոչ թե կոմիտեն է դեմ իր պայմանագրին, այլ բոլոր հայերն են դեմ։ Կհայտարարենք, երբ ենք անում հանրահավաքը, իսկ վաղվանից՝ երթեր, բողոքի ցույցեր», – նշել է նա։
Մանուկյանը կոչ է արել զինվորականներին, բանակին ոտքի կանգնել իշխանափոխության հարցում։
«Ոնց որ բռնեցին Լևոնին և մյուսներին, վաղը հերթը ձեզ է հասնելու, բանակ ոտքի կանգնի, վաղը արյուն ես թափելու: Դիմում եմ գործարարներին, ոնց բռնեցին Ռուբեն Վարդանյանին, ձեզ էլ են բռնելու: Իրար հետ հանդիպեք, խոսեք, ինքը պետք է հեռանա»,- ասել է նա:
Սեպտեմբերի 24-ին հայտնել էինք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին Երևանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ի հանրահավաքում հայտարարել էր ամենօրյա զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին։