Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ:
Ըստ այդմ՝ ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100․480, Հակարիի կամուրջը հատել է 21․076 տրանսպորտային միջոց, հաշվառվել են 83․468 անձ:
Արական սեռի ներկայացուցիչները կազմում են շուրջ 49 տոկոս, իգական սեռի ներկայացուցիչները՝ 51 տոկոս:
Հղիների թիվը կազմում է 221, հաշմանդամների թիվը՝ 2083, վիրավորների թիվը՝ 272:
20 հազարից ավելի անչափահաս երեխա է հատել Հայաստանի սահմանը, 674 երեխա ընդգրկվել է Հայաստանի տարբեր կրթական հաստատություններում:
Ժամը 20:00-ի դրությամբ 40․257 անձ օգտվել է պետության կողմից առաջարկված կեցավայրերից:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։