Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից»,- գրել է նա:
Փաշինյանը տեղեկացրել է, որ նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ:
Սեպտեմբերի 30-ի ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 480, Հակարիի կամուրջը հատել է 21 076 տրանսպորտային միջոց, հաշվառվել են 83 468 անձ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։