ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, որքան զենք է հանձնել Արցախի ՊԲ-ն։
«Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ԱՀ ՊԲ-ն շարունակել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ հանձնվել է 21 միավոր զրահատեխնիկա, 51 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 24 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, ականանետեր, ավելի քան 5.300 միավոր զենք, հակատանկային զենք, մոտ 3.300 մլն զինամթերք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։