Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը՝ Արցախից տասնյակ հազարավոր հայերի բռնի տեղահանման շուրջ, տեղեկացնում է Vaticannews-ը։
Նշվում է, որ նա աղոթել է Ստեփանակերտում՝ բենզինի պահեստում, տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի համար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ վերջին օրերին հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղահանված հայերի դրամատիկ իրավիճակին։ Նա կրկնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսության իր կոչը:
«Ես կրկին երկխոսության կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ միջազգային հանրության աջակցությամբ կողմերի միջև բանակցությունները կհանգեցնեն ամուր համաձայնության, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին»,-ասել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Երրորդ հանդիպումը՝ սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։