Հոկտեմբերի 1-ին հայկական համայնքները բողոքի ցույցեր են անցկացրել եվրոպական մի շարք քաղաքներում՝ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել են սփյուռքի հայկական կազմակերպությունները։
Բելգիայում հայերը հավաքվել էին Բրյուսելի Ռոբերտ Շումանի հրապարակում և ԵՄ-ից պահանջում էին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ՝ արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության, ինչպես նաև նրանց բռնի տեղահանման համար։
Հունաստանի հայերը երթ են անցկացրել Աթենքի Սինտագմա հրապարակից դեպի Եվրամիության ներկայացուցչություն, հայտնում է Հունաստանի Հայ դատի հանձնախումբը (ANCG): Կազմակերպիչները նշել են երիտասարդների ակտիվ մասնակցությունը, որոնք «շարժմանը լիցք հաղորդեցին և խոստացան շարունակել պայքարը մինչև վերջնական հաղթանակ»։
Հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի, տեղի է ունեցել նաև Մարսել քաղաքում, սոցցանցերում հայտնել են Ֆրանսիայի ՀՅԴ երիտասարդական թևից։ Համայնքի ներկայացուցիչները փողոց են դուրս եկել «Չճանաչված ցեղասպանություն. կրկնվող ցեղասպանություն» և «Դադարեցնել պանթուրքիզմը» պաստառներով՝ պահանջելով լուսաբանել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հատուկ միջոցներ ձեռնարկել ներքին տեղահանվածներին օգնելու համար։
Հայերն ուշադրություն են հրավիրել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական դարավոր մշակութային ժառանգության ոչնչացման վտանգի առջեւ ՄԱԿ-ի անգործության վրա։
Երթն անցկացրել է նաև Վրաստանի հայ համայնքը։ «ԵՄ անգործությունը սպանում է իմ ժողովրդին» և «Ադրբեջանական գազից հայկական արյան հոտ է գալիս» պաստառներով մասնակիցները քայլել են Վակեի պուրակից դեպի Վրաստանում ԵՄ ներկայացուցչություն և ՄԱԿ-ի գրասենյակ։ Հայ համայնքի ղեկավար Արթուր Միրզոյանի խոսքով, ակցիային մասնակցել են նաև Ջավախքի և Աջարիայի հայերը։
Ի պաշտպանություն Արցախի բողոքի ցույցեր են անցկացվել նաև Լոնդոնում, Պրահայում, Վարշավայում, Հռոմում, Լիսաբոնում և մի շարք այլ քաղաքներում։
Սեպտեմբերի 30-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած՝ ի պաշտպանություն Արցախի հանրահավաքի բեմից բողոքի ակցիաների մասին հայտարարել էր ընդդիմադիր Ազգային կոմիտեն։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։