Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել է, որ նախարարությունը Միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ միասին արդեն սկսել է կարիքների համապարփակ գնահատման գործընթացը:
«Առաջնային կարիքների գրանցման ավելի քան 50 000 հայտ է լրացվել e-soc.am հարթակում: Վերջին տվյալներով՝ 114 թեժ գիծը սպասարկել է ավելի քան 25 000 զանգ: Խնամքի կարիք ունեցող ավելի քան 250 տարեց կամ հաշմանդամություն ունեցող ավագ սերնդի ներկայացուցիչ գտնվում է խնամքի տարբեր հաստատություններում: Նրանց մեջ կան անձինք, որոնք առողջական խնդիրներ ունեն և բուժօգնություն են ստանում տարբեր բուժհաստատություններում: Օրինակ՝ Մեծամորի հիվանդանոցում առողջական խնդիրներ ունեցող ավելի քան 30 տարեց կա: Առողջական խնդիրները լուծելուց հետո նրանք կտեղափոխվեն խնամքի կենտրոններ: Շուրջ 20 երեխա, որոնք մնացել են առանց ծնողական խնամքի, նույնպես ուղղորդվել են խնամքի հաստատություններ»,- ասել է նա:
Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ, բացի www.workforall.am կայքում տեղադրված թափուր աշխատատեղերից, նախարարությունն ակտիվ քննարկումներ է սկսել մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի մեծանա աշխատանքի առաջարկի սպեկտրը:
Նախարարն արձանագրել է, որ արդեն կան անձինք, ովքեր դիմել են աշխատանքի անցնելու ցանկությամբ և արդեն կան ուղեգրված անձինք կոնկրետ աշխատանքների համար, կան նաև անձինք, որոնք արդեն ընդունվել են աշխատանքի:
Նախարարը ներկայացրել է նաև սոցիալական աջակցության քարտեզագրման հետ կապված ինֆորմացիա՝ ըստ որի՝ վերջին տվյալներով 250 կազմակերպություն ներկայացրել է հայտ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։