Իմ ունեցած տեղեկություններով՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է, Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը:
«Տեղեկություն չունեմ, թե երբ է նա հատել Հակարիի կամուրջը կամ որտեղ է այժմ. սա լոկ իմ տեղեկությունն է»,- ասաց Գալստյանը` հավելելով, որ այսօր է իմացել Շահրամանյանի գալու մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Արցախի երեք նախկին նախագահների և խորհրդարանի խոսնակի ձերբակալության մասին:
Սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։ Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։