Արցախի նախկին նախագահ, գերեվարված Արայիկ Հարությունյանին Ադրբեջանն 9 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի դատախազության հայտարարությանը։
Գերեվարված Հարությունյանին մեղադրել են «Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու» (առավելագույն պատիժ՝ մինչև 12 տարի ազատազրկում), «պատերազմի ժամանակ միջազգային իրավունքի նորմերի խախտման» (առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում), «դիտավորյալ սպանության» (առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում) և «հանցավոր հրամաններ տալու» (առավելագույն պատիժ՝ մինչև 10 տարի ազատազրկում) մեջ։
Հարությունյանին մեղադրում են նաև «ահաբեկչության» (մինչև 14 տարվա ազատազրկում), «հանցավոր կազմակերպությունների ստեղծման» (մինչև 15 տարի), «զինված կազմավորումների ստեղծման» (մինչև 8 տարի), ինչպես նաև «2020 թվականին Գյանջա քաղաքում բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների հրթիռակոծման» մեջ։
Հոկտեմբերի 3-ին գերեվարված Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի ձերբակալության մասին։
Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին կալանավորելու մասին։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։
Սեպտեմբերի 27-ին գերեվարվելել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: