Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավարտել են Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումները» մատակարարել են 84 միավոր զրահատեխնիկա, 121 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 121 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 105 միավոր դաշտային հրետանային ատրճանակ, MLRS և ականանետեր, 1 միավոր անօդաչու թռչող սարք, ավելի քան 7 հազար միավոր հրետանային և հակատանկային զինատեսակներ, մոտ 58,5 մլն զինամթերք։
Նշվում է, որ զենքի, ռազմական տեխնիկայի և զինամթերքի պահեստային տարածքների պաշտպանությունը կազմակերպում են ռուս-ադրբեջանական համատեղ պահակակետերը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։