ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կոչ է արել անհապաղ մարդասիրական աջակցություն ցուցաբերել Ղարաբաղի հայերին, ինչպես նաև միջազգային մասնակցություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։
Իր հայտարարության մեջ Օսմանին, լուրջ մտահոգություն հայտնելով, կոչ է արել մեծացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը Հայաստանում ապաստանած Ղարաբաղի ավելի քան 100,000 հայերին։
«Այն ընդգծում է, որ մարդասիրական կարիքները պետք է մնան առաջնահերթություն, և միջազգային դոնոր հանրությունը պետք է շարունակի ակտիվորեն ցուցաբերել համերաշխություն՝ աջակցելու Հայաստանին, քանի որ նրա կառավարությունն արձագանքում է այս զարգացող մարդասիրական ճգնաժամին»,- ասված է հայտարարությունում:
Օսմանին նաև կոչ է արել միջազգային հանրությանը մասնակցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը։ «ԵԱՀԿ-ի գործող նախագահ Օսմանին ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Խանքենդի (Ստեփանակերտ) և կարծում է, որ միջազգային հանրության շարունակական մասնակցությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը և կայուն խաղաղության հասնելու ջանքերին։ Տեղում միջազգային մասնակցության վերաբերյալ բանակցությունները պետք է շարունակվեն, քանի որ անկախ միջազգային դիտորդական առաքելությունը վստահություն կհաղորդի նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ»,- ասված է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունն Ադրբեջանի պարտականությունն է` ԵԱՀԿ շրջանակներում Բաքվի պարտավորություններին համապատասխան։ «Վեճերի լուծման համար ոչ թե դիվանագիտական բանակցությունների, այլ ուժի կիրառումը միշտ անընդունելի է, և խաթարում է արժանապատիվ և համապարփակ խաղաղության հասնելու հեռանկարները»,- նշված է հայտարարության մեջ։
Օսմանին նաև աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացներին։ «Ներկայիս նախագահը կողմ է երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքմանը միտված քաղաքական գործընթացների շարունակմանը։ ԵԱՀԿ-ն և նրա համապատասխան կառույցները, իրենց մանդատի շրջանակներում, պատրաստ են նպաստել այս գործընթացին՝ կազմակերպության արժեքներին և պարտավորություններին համապատասխան՝ տարածաշրջանում արդար, տևական, արժանապատիվ և համապարփակ խաղաղության հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Վերջին տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։