ԿԽՄԿ-ն շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք, հայտնում է կազմակերպությունը Ֆեյսբուքի էջում։
«Վերջին օրերին այցելությունների ընթացքում տրամադրել ենք սնունդ և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև օգնել ենք երեք մարդկանց վերականգնել կապը ընտանիքի անդամների հետ։ Մարդկանց համար մեծ թեթևություն էր վերջապես խոսել իրենց հարազատների հետ, որոնք մինչ այդ պահը տեղեկություն չունեին իրենց գտնվելու վայրի մասին»,- նշում է ԿԽՄԿ-ն:
Հայտարարությունում նշվում է նաև, որ այցելություններին մասնակցում են նաև ԿԽՄԿ բժիշկները, որոնք գնահատել են խոցելի անձանց առողջական վիճակը՝ բժշկական կարիքները բավարարելու համար։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։