Հայաստանի անվտանգության գերատեսչությունների ղեկավարներն ակտիվորեն քննարկում են Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալության հարցը, գրում է «Ժողովուրդ»-ը։
Ըստ հրապարակման՝ ուժայինները եկել են այն եզրակացության, որ ձերբակալվածների վերադարձը հնարավոր է միայն համապատասխան քաղաքական որոշմամբ։ Այլ գործիքներն ու միջազգային մեխանիզմները չեն օգնի։
Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի ձերբակալության մասին։
Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին կալանավորելու մասին։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։
Սեպտեմբերի 27-ին գերեվարվելել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։