Արցախի բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ գերեվարվել է Ադրբեջանում, գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ում ադրբեջանցիները առևանգել էին Ռուբեն Վարդանյանի հետ Հակարիի կամուրջն անցնելիս, պարզվում է՝ ինքն է որոշել ուղեկցել նախկին պետնախարարին՝ Հակարիի կամուրջը միայնակ անցնելու դեպքում մեծ համարելով նրա ձերբակալման ռիսկերը»,- գրել է թերթը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանն ինքն է վարել Վարդանյանի մեքենան ձերբակալման օրը։ Գեներալի հետ ադրբեջանցիները կանգնեցրել են նաև նրա կնոջը, սակայն մի քանի ժամ անց բաց են թողել և թույլ են տվել հասնել Հայաստան, հավելել է թերթը։
Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի ձերբակալության մասին։
Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին կալանավորելու մասին։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։
Սեպտեմբերի 27-ին գերեվարվելել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։