Ռումինիայի կառավարությունը հոկտեմբերի 7-ին բեռնատար երկու ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, որը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, գրում է «Արմենպրես»-ը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մարդասիրական օգնությունն ընդունել են Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուն և Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
«Կարծում եմ, որ սա մեր երկրների, մեր ժողովուրդների միջև շատ բաց և շատ սերտ հարաբերությունների ապացույցն է։ Հուսով եմ, որ դա կլինի շատ, շատ ամուր կամուրջ մեր հարաբերությունների համար: Առաջիկայում Բուխարեստ ենք տարհանելու Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին: Եվս մեկ անգամ ուրախ եմ, որ այստեղ եմ ՝ ցույց տալու, որ մարդիկ կարող են ընկերներ լինել և օգնել կարիքավորներին: Շատ շնորհակալ եմ»,- դեսպանի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
Նշվում է, որ մարդասիրական բեռը ներառում է սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։