Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ փոխգործակցության արդյունքում։
«Գիշերն Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի։ Հայաստանին օգնության ձեռք են մեկնել նաև այլ երկրներ»,-հայտնում են ԱՆ-ից։
Հոկտեմբերի 7-ին ԱՆ-ից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա։
Սեպտեմբերի 25-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի հայտնել էր, որ փրկարարներն աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանվել և Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 100․632 անձ։