Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների մոտ սուր հոգեբանական սթրեսի նշաններ են նկատվում, հաղորդում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
«Գորիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկու ապահով անկյուններում աշխատող մասնագետները, որոնք օրական սպասարկում են մինչև 300 երեխայի, հայտնել են, որ նրանք անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը»,- ասված է հայտարարությունում:
Տեղահանվածների թվում կա ավելի քան 30․000 երեխա, նշել է հիմնադրամը։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վեյգանդը զգուշացրել է այս ուղղությամբ անգործության հետևանքների մասին։ «Առանց շարունակական աջակցության՝ երեխաները տարիներ շարունակ կրելու են այս խորը մտահոգիչ իրադարձությունների հետևանքները»,- ասել է նա:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ վերապատրաստում և աջակցում է տեղահանվածներին հոգեբանական օգնություն տրամադրող մասնագետներին: «Համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծել է շարժական մանկաբուժական թիմեր, որոնք կնպաստեն ավելի լայն աշխատանքին և կտրամադրեն սքրինինգներ՝ բացահայտելու և արձագանքելու հոգեկան առողջության կարիքները»,- բացատրել է հիմնադրամը:
Հիմնադրամը նաև նշել է, որ կոչ է արել երկրներին` 12,6 մլն դոլար հավաքագրել հետագա վեց ամսվա ընթացքում կրթական, երեխաների պաշտպանության, առողջապահական, սնուցման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։