Ադրբեջանը 2020-ից ԼՂ-ում էթնիկ հայերի զտման քայլեր է ձեռնարկել, հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ելույթ ունենալով Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ։
«Այժմ այնտեղ գրեթե հայեր չկան։ Եվ եթե սա էթնիկ զտում չէ, այդ դեպքում ես չգիտեմ, թե ինչ է էթնիկ զտումը։ Ադրբեջանի ներկայացուցիչը կասի, որ պատրաստ է խաղաղությանը և խաղաղ ապագային։ Բայց նա ճիշտ նույն բաներն ասել էր 9 ամիս առաջ: Հետո Ադրբեջանը շրջափակեց Արցախը, դաժանաբար հարձակում գործեց և հայերին վտարեց իրենց նախնիների երկրից»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում դեռ կան հայեր, և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն, բազմաթիվ բանտարկյալներ առևանգվել և անօրինական կերպով պահվել են Ադրբեջանի բանտերում։
«Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի պահանջները խախտում են օրենքները և մեղադրում է Երևանին, որը, իբր, դեմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և շահագրգռված չէ հարաբերությունների կարգավորման գործընթացով»,- նշել է Կիրակոսյանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է միջազգային օրենքներին: Նա բազմիցս ցույց է տվել միջազգային հանրությանը մոլորեցնելու իր պատրաստակամությունը։ Միայն դատարանի միջանկյալ միջոցները կարող են կասեցնել տարածաշրջանում էթնիկ զտումները և հայկական հետքը ջնջելու փորձերը, ինչպես եղավ Նախիջևանում, ինչպես նաև պաշտպանել Արցախի նախկին ղեկավարներին Բաքվի անօրինական գործողություններից։
«Բայց եթե դատարանի որոշման մեջ անորոշություն լինի, Ադրբեջանն անխուսափելիորեն կօգտվի դրանից։ Մենք արդեն երրորդ անգամ ենք դիմում դատարան»,- նշել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Մանրամասները՝ տեսանյութում