Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումը ներկայացնելով՝ Հայաստանի անունից ելույթ ունեցող փաստաբան Լոուրենս Մարտինը հայտարարել է, որ Ադրբեջանում դեռ օրորոցից են սովորեցնում ատել էթնիկ հայերին։
Նա Ադրբեջանի կողմից հայատյացության փաստեր է հրապարակել ՄԱԿ-ի արդարադատության դատարանում։
«Ադրբեջանի դասագրքերում Հայաստանը ներկայացվում է որպես խառնարյուն, հոգեպես մեռած, չարամիտ և ատելի, իսկ հայերին՝ սատանայի արյուն ունեցող։ Կա նաև Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ հայ զինվորի սպանության դեպքը։ Սաֆարովը կացնահարելով սպանել է նրան և փորձել սպանել մեկ այլ հայ սպայի։ Ալիևը նրան պարգևատրել է։ Այժմ նա օրինակ և հերոս է այնտեղ»,- ասել է Լոուրենսը:
Անդրադառնալով ԼՂ-ից հայերի բռնի տեղահանմանը՝ Լոուրենսն իր ելույթն ուղեկցել է սոցցանցերից ապացույցների ցուցադրությամբ, թե ինչպես են ադրբեջանցիները մեկնաբանում կորած հայ երեխաների որոնումները։
«Հայերի փախուստը քաոսային էր։ Մարդիկ չեն կարողացել վերցնել որևէ իր կամ գույք։ Լաչինի միջանցքում խցանումը ձգվել է 75 կմ։ Այնտեղ բազմաթիվ տարեցներ են մահացել, որովհետև չափազանց թույլ էին՝ այդ տանջանքը վերապրելու համար։ Անցակետում ադրբեջանցի զինվորները վիրավորել են հայերին և ցույց տվել «գորշ գայլերի» նշանը»,- նշել է նա։
Լոուրենսը ներկաներին տեղեկացրել է, որ Ադրբեջանը վերանվանել է Ստեփանակերտի փողոցներից մեկը՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության ճարտարապետներից Էնվեր փաշայի։ Ադրբեջանցի զինվորներն իրենց համազգեստի վրա կրում են Էնվերի պատկերով կրծքանշան և մակագրություն՝ «Հայ, մի՛ վազիր, միևնույն է կմեռնես, բայց հոգնած»։
Նա նշել է, որ հայկական խորհրդանիշները ոչնչացվում են, խաչեր են պայթեցնում, վանքերը գնդակոծվում են, օրինակ՝ Չարեքթար գյուղում։ Ադրբեջանն արդեն սկսել է ակտիվորեն բնակեցնել Լեռնային Ղարաբաղը։
«ՄԱԿ-ի առաքելությունը տների գնդակոծման հետքեր չի տեսել։ Ընդհանրապես, դժվար է դա առաքելություն անվանել: Նա մեկ օրից էլ քիչ ժամանակ գտնվել է Լեռնային Ղարաբաղում և որևէ բան պարզելու հնարավորություն չի ունեցել։ Ակնհայտ է, որ սա Բաքվում առաքելության համակարգողի ստեղծագործական գործունեության արդյունքն է։ Ո՞վ և ինչպե՞ս է ընտրել քաղաքի այցելության վայրերը: Նրանք իրենք են խոստովանել, որ սահմանափակ են իրենց տեղաշարժերում»,- հայտարարել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Մանրամասները՝ տեսանյութում։