Մեզ համար առաջնահերթ է ԼՂ ուսանողների կրթության իրավունքի վերականգնումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Բոլոր ուսանողները հնարավորություն են ունենալու իրենց կրթությունը շարունակել, կհատկացվի կրթաթոշակ։ Արդեն ավելի քան 500 ուսանող դիմել է ՀՀ բուհեր։ Նրանք բոլորն էլ առաջիկա օրերին կընդգրկվեն մեր հաստատություններում և նրանց կրթությունը կկարողանանք ապահովել»,- ասել է Անդրեասյանը։
Ինչ վերաբերում է դասախոսներին, ըստ նախարարի, այս պահին առաջնահերթ քննարկել են ուսուցիչներին աշխատանքով տեղավորելու հարցը։
«Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, նաև Գեղարքունիքի և Տավուշի որոշ համայնքներում բացի 30 տոկոս հավելավճարից կստանան ֆիքսված 50․000 դրամ։ Հավաքագրել ենք մշակույթի, սպորտի ոլորտներում թափուր աշխատատեղերը, և կփորձենք մեր հայերնակիցներին ընդգրկել ըստ իրենց մասնագիտական փորձառության»,- ասել է Անդրեասյանը։
Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։