Արցախում մնացած փոքրաթիվ բնակիչներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է և ըստ կարիքի՝ աջակցում, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ տեղում գտնվող թիմերը մարդկանց տեղայնացնելով, գործողությունների շրջանակում պարզում են նրանց առաջնային կարիքները՝ դեղորայք, սնունդ, հիգիենայի և այլ պարագաներ և աջակցություն են տրամադրում: Ամատունու խոսքով՝ դեպքերը տարբեր են, եթե մարդն, օրինակ, ունի ավելի հաճախ այցելության կարիք, ապա կոմիտեն փորձում է նրանց ուշադրության ներքո պահել: «Թիմի նպատակն է նրանց առաջնային կարիքներին հետևելով՝ օգնել»,- ասաց Ամատունին:
«ԿԽՄԿ-ն նաև որոշակի դիմումներ է ստանում ընտանիքներից, որոնք տեղափոխվել են կամ Հայաստանում են գտնվում, հնարավորություն ենք տալիս գտնել իրենց հարազատին՝ դիմումի համաձայն, օգնում ենք կապ հաստատել նրանց, իսկ ցանկության դեպքում էլ կարող ենք օգնել տեղափոխվել Հայաստան»,- հայտնեց Ամատունին՝ նշելով, որ օգնում են գտնել իրար:
Հարցին, թե մոտավորապես քանի՞ մարդ է շարունակում Արցախում ապրել, Ամատունին պատասխանեց, որ դժվարանում է հստակեցնել: «Լինում են դեպքեր, երբ մենք հայտնաբերում ենք մարդու, որն ապրում է, բայց մենք տեղյակ չենք, ինչ-որ մի հեռավոր գյուղում օրինակ»,- ասաց ԿԽՄԿ ներկայացուցիչը՝ վերահաստատելով, որ շատ քիչ թվով մարդիկ են մնացել Արցախում:
Նա նաև հայտնեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները չեն այցելել սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ղեկավարության ներկայացուցիչներին։ «Վերջին իրադարձությունների առնչությամբ ձերբակալված անձանց մենք չենք տեսակցել»,- ասաց Ամատունին։
Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի ձերբակալության մասին։
Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին կալանավորելու մասին։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։
Սեպտեմբերի 27-ին գերեվարվելել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։