Տեղի ունեցածը բռնի տեղահանում է, որը հանդիսանում է Արցախը հայկական պատմությունից և ինքնության բոլոր մնացորդներից մաքրելու Ադրբեջանի ցեղասպան ծրագրի մի մասը, վկայում է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը՝ անդրադառնալով հայերի՝ իբր «կամավոր» Արցախը լքելու մասին ադրբեջանական թեզին:
Ինստիտուտն ուղեցույց է հրապարակել, որտեղ ապացուցում է Արցախում հայերի դեմ Ադրբեջանի անմարդկային և սարսափելի գործողությունների հետ կապված մի շարք քարոզչական թեզերի անհիմն լինելը:
Զեկույցում շեշտում են, որ Արցախում ահաբեկիչներ կամ «անջատողականներ» չեն եղել. Արցախի Հանրապետությունը դեմոկրատական իշխանություն է՝ իր տարածքի նկատմամբ իրավական ամուր հավակնություններով:
«Արցախի ինքնապաշտպանական բանակն ադրբեջանական հարձակումներից բնակչությանը պաշտպանում է 1992 թվականից։ Այս բանակը համաձայնել է վայր դնել զենքը՝ Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ագրեսիայից հետո։ Ի հակադրություն՝ Ադրբեջանը Սիրիայում և Իրաքում ահաբեկչության հետ կապ ունեցող վարձկանների է օգտագործել Արցախի դեմ։ Ադրբեջանական զորքերը գլխատումներ, ծիսական խեղումներ և ծիսական նվաստացումներ են իրականացրել հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ 2016, 2020 և 2022 թվականներին: Ադրբեջանը նաև աջակցում է «Գորշ գայլեր» կոչվող միջազգային թուրքական ազգայնական ահաբեկչական կազմակերպությանը»,- ասվում է զեկույցում։
Անդրադառնալով այն թեզին, թե իբր հայերը պատմական կապեր չունեն Արցախի հողի հետ, և տարածաշրջանի պատմական, մշակութային և կրոնական կառույցների մեծ մասը սկզբնապես «կովկասյան ալբանացիներինն» են եղել, գիտական կենտրոնը նշում է, որ «Կովկաս-ալբանական տեսությունը» մշակվել է 1950-ականներին ադրբեջանցի վիճելի պատմաբանների կողմից ու ամբողջությամբ մերժվել է միջազգային գիտնականների կողմից: Արցախի հայերը թվագրվում են առնվազն մ.թ.ա. 6-րդ դարով, վկայում է ինստիտուտը:
Կենտրոնը նաև հերքում է Արցախի շրջափակված չլինելու մասին թեզը՝ փաստելով, որ Ադրբեջանը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին շրջափակել է Արցախի տարածքը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը, որը կապում է Արցախը Հայաստանին։ Շրջափակումը ճանաչվել է Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) կողմից։
«Արցախի հայերին «ահաբեկիչ» և «անջատողական» անվանելուց բացի նախագահ Իլհամ Ալիևը և պետական այլ պաշտոնյաներ հայերին անվանել են «առնետներ», «շներ», «վայրի գազաններ», «շակալներ», «ֆաշիստներ» և «քաղցկեղածին ուռուցք»: Ցեղասպան հայատյացությունն Ադրբեջանում պետական գաղափարախոսություն է և հավերժանում է կրթական համակարգի և զինվորական պատրաստության միջոցով»,- փաստում է զեկույցը՝ հավելելով, որ ադրբեջանական ներխուժումից հետո Արցախում մնացած սակավաթիվ հայերին այժմ թույլ չեն տալիս խոսել արտաքին աշխարհի հետ առանց հսկողության:
Սեպտեմբերի 6-ին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտի՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ցեղասպանության ռիսկի վերաբերյալ հրատապ զեկույց էր հրապարակել: «Անչափ մտահոգված ենք և հանձնառու ենք ապահովելու, որ ներկայումս Արցախի՝ պատանդառության մեջ գտնվող ռազմաքաղաքական ղեկավարները և քաղաքացիական անձինք զերծ լինեն վնասներից և շուտափույթ ազատ արձակվեն»,- հայտարարել էր Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նամակներին։