Լեռնային Ղարաբաղի բնակիչներին կապույտ անձնագրերը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղ, այլ ոչ որպես քաղաքացիության հավաստում, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
«Այս մասին ՀՀ կառավարությունը նաև դիրքորոշում է արտահայտել ՄԻԵԴ-ում։ Առկա է ՄԻԵԴ-ի 2007 թվականի վճիռը, որտեղ ուղղակիորեն մեջվերված է ՀՀ կառավարության դիրքորոշումն առ այն, որ տրամադրվել են կապույտ անձնագրերը ԼՂ բնակչությանը որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիության հավաստում»,- նշել է նա։
Մեկնաբանելով հարցը, որ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության անդամները երեք տարի պահանջել են փախստականի կարգավիճակ, սակայն ստացել են պատասխան, որ իրենք ՀՀ քաղաքացի են՝ Ղազարյանը նշեց, որ փախստականի կարգավիճակ չտալը ՀՀ քաղաքացի լինելով երբևէ չի փաստարկվել։
«Նշված անձանց փախստականի կարգավիճակի չտրամադրումը երբևէ չի փաստարկվել այն հանգամանքով, որ նրանք ՀՀ քաղաքացի են, փաստարկվել է կոնվենցիայի դրույթի կիրառելիության տեսանկյունից, որն այդ ժամանակ կիրառելի է եղել, սակայ ներկայիս իրողություններում այլևս կիրառելի չէ։ Ըստ այդմ՝ այդ մարդիկ կարող են վերցվել ժամանակավոր պաշտպանության տակ, և նրանց կարող է տրվել փախստականի կարգավիճակ»,- ընգծել է նա։
Միգրացիոն ծառայության պետը նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրվող անձնագրերի համար ընտրվել է մեկ հստակ ծածկագիր, որով նրանք տարբերակվել են ՀՀ քաղաքացիներից և դրանք եղել են ճամփորդական փաստաթղթեր՝ հավելելով, որ այդ փաստաթղթերը շարունակում են գործել։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։