ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել, որով կոչ է անում նախագահ Բայդենին ապահովել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումը, կրճատել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Կոնգրեսականն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի պետական պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս՝ Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ։
Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար: Այն նաև կրկնում է Կոնգրեսի կոչերը՝ կիրառելու 907-րդ հոդվածի սահմանափակումներն Ադրբեջանին ԱՄՆ ռազմական և անվտանգության աջակցության վերաբերյալ:
«Իմ բանաձևը հորդորում է ամերիկյան կառավարությանը և միջազգային հանրությանը դիմակայել Ալիևի ռեժիմի կողմից հայ համայնքի նկատմամբ իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումներին և վերադարձնել այս բանտարկյալներին իրենց ընտանիքներին»,- ասել է կոնգրեսական Շիֆը:
Սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։ Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի գերեվարման մասին, որոնց Ադրեջանն ավելի ուշ՝ հոկտեմբերի 5-ին, ձերբակալել էր։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։ Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր, որ Արայիկ Հարությունյանին 9 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել։