ՀՀ իշխանությունները մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ զբաղվում են Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցերով, պարբերաբար դիմում են ՄԻԵԴ, նրանց մասին տեղեկատվություն ստանում, բացի Դավիթ Բաբայանից, գրում է «Հրապարակ»-ը։
Իշխանական շրջանակներից թերթին խոստովանել են, որ չեն զբաղվում միայն Դավիթ Բաբայանի հարցով, քանի որ նա «ինքնակամ է հանձնվել Ադրբեջանին»։
«Մինչդեռ Դավիթ Բաբայանը թեև ինքնակամ է հանձնվել, բայց, ըստ նրա մերձավորների, դա արել է պարտադրված, քանի որ Ադրբեջանը հստակ պահանջ է փոխանցել Բաբայանին՝ կա՛մ ինքնակամ գալիս ես Շուշի, կա՛մ ընտանիքդ դուրս չի գալու Արցախից։ Իսկ Դավիթ Բաբայանի նկատմամբ նման սևեռվածության պատճառն այն է, որ նա Մեհրիբան Ալիևայի հասցեին ինչ-որ հայհոյախառն արտահայտություններ է արել»,- պարզաբանում է պարբերականը։
Սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։ Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի գերեվարման մասին, որոնց Ադրեջանն ավելի ուշ՝ հոկտեմբերի 5-ին, ձերբակալել էր։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։