Արցախի պատգամավորները պայմանավորվել են երեքշաբթի օրն ԱԺ նիստ հրավիրել, գրել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ այն կլինի փակ ֆորմատով, ապա հանդես կգան հայտարարությամբ։ Սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո ԱԺ պատգամավորները նիստ չեն հրավիրել։
«Երկու պատգամավորի մանդատի հարց է դրված․ Արթուր Հարությունյանի՝ պետնախարար դառնալուց հետո «Ազատ հայրենիք»-ը մեկ մանդատ պետք է ստանա, և Սամվել Բաբայանի կուսակցությունից մեկ պատգամավոր է հրաժարվել մանդատից, նրան փոխարինողը պետք է ստանա»,- գրել է թերթը:
Երկրորդ հարցը, թերթի տվյալներով, Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ձևավորմանն է վերաբերելու, որը Վարդան Օսկանյանի գաղափարն է: Արցախի պատգամավորները հարցը քննարկում են Օսկանյանի հետ: Օրենքի ուժով ձևավորված հանձնախմբի առաքելությունը կլինի Արցախի հարցը միջազգային հարթակներում ներկայացնելը, նախատեսում են նաև միջազգային փորձագետներ ընդգրկել։