Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է երաշխիքներ տրամադրի Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացող հայերին, հայտնում է «Ազատություն»-ը։
«Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն»,- հայտարարել է Միշելը։
Նա նշել է, որ փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն ըստ Ադրբեջանի սահմանադրության։
Խաղաղության պայմանագրի կնքման վայրի մասին հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարը պատասխանել է՝ ոչ թե վայրն է կարևոր, այլ բովանդակությունը։ Միշելը փաստել է՝ թեև Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, բայց հաղորդակցության ուղիների բացման հարցում կան տարաձայնություններ։
«Իրականում, եթե իսկապես ստույգ լինենք, բանավեճ կա Նախիջևանն Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ՝ համոզվելու, որ դրանք հարգում են Հայաստանի ինքնիշխանությունն ու օրենսդրությունը»,- ասել է Միշելը։
Տպավորություն չունե՞ք, որ ադրբեջանական կողմը ձգձգում է գործընթացը և մոլորեցնում է ձեզ հարցին Միշելն արձագանքել է՝ Բրյուսելը լավատես է, և շարունակում է նոր հանդիպում կազմակերպելու փորձերը։ Բաքուն, սակայն, բարձր մակարդակով հանդիպման համաձայնություն դեռ չի տվել։
Բրյուսելում եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումը Փաշինյանի, Ալիևի և Միշելի մասնակցությամբ տեղի էր ունեցել 2023 թվականի հուլիսին։ Հոկտեմբերի 5-ին Միշելը հայտարարել էր Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման մասին, սակայն Ալիևը չէր հաստատել իր մասնակցությունը։ Նոյեմբերի 10-ին «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ Բրյուսելն առանձին բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ դեկտեմբերին Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։