Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարող տարածքում գտնվող վառելիքաքսուկային նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, 120-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
«Զոհված 218 անձանցից 2-ը հանդիսացել են պահեստում ծառայություն իրականացնող ԼՂ ոստիկանության զորքերի ծառայողներ, 31-ը՝ զինծառայող, այդ թվում՝ 9 սպա, 5 ենթասպա, մյուսները՝ շարքային կազմի ներկայացուցիչներ։ Հրդեհի հետևանքով առնվազն 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ հիմնականում այրվածքների տեսքով։ Քննության այս պահի տվյալներով՝ անհայտ է 21 անձի գտնվելու վայրը»,- մանրամասնում է քննչական կոմիտեն։
Մահացած անձանցից 138-ի ինքնությունը պարզվել է նշանակված դատագենետիկական փորձաքննությունների, 77-ինը՝ այլ քննչական և վարութային գործողությունների միջոցով։
Պայթյունի հետևանքով մահացած 218 անձից 3-ի ինքնությունը քննությամբ դեռևս հնարավոր չի եղել պարզել, քանի որ նշված անձանց հարազատները դեռևս չեն դիմել և չեն հանձնել դատագենետիկական փորձաքննություն նշանակելու նմուշ՝ անհրաժեշտ նույնականացումը կատարելու համար։
ՔԿ-ն հորդորել է պայթյունի դեպքի վայրում գտնված և դրանից հետո անհետ կորած հարազատներին դիմել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ պայթյունից զոհված վերոնշյալ 3 մարմինների ինքնությունը պարզելու նպատակով։
Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: