Բաքվի դատարանը չի բավարարել Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման որոշման դեմ բողոքը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Տեղեկացնում են, որ Ռուբեն Վարդանյանի պաշտպանը բողոքարկել էր Վարդանյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը։
Հունվարի 25-ին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Վարդանյանի և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կալանքների ժամկետները։
Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ Սեպտեմբերի 28-ին դատարանը Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, դրանց գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» շինծու մեղադրանքներով։ Հայաստանի կառավարությունը Վարդանյանի գերեվարման հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ադրբեջանցիները գերի էին վերցրել նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը 2024 թվականի հունվարի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 անձ, վիրավորվել՝ 244-ը, գերեվարվել է 17 անձ, անհետ կորել՝ 20 անձ։ ՔԿ տվյալներով՝ դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել։ Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 218 մարդ մահացել է, 21 անձ անհետ կորել է, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր կա։