Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) Գլենդելի մասնաճյուղի նախաձեռնությամբ մարտի 16-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Homenetmen Glendale Ararat» ակումբի կորտում թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովն Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու նպատակով բարեգործական հանդիպում են անցկացրել, հայտնել են «Homenetmen Glendale Ararat» ակումբից։
Խաղի արդյունքում հավաքված ամբողջ հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանվածներին։ Ըստ Thearmenianreport.com-ի՝ Արցախից բռնի տեղահանվածների համար 100 000 դոլար է հավաքվել։
Հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով: Ռուբլյովն այս միջոցառմանը մասնակցել է առաջին անգամ, Խաչանովը՝ երկրորդ անգամ։
Բարեգործական խաղի անցկացման մասին հայտնի էր դարձել մարտի 1-ին։ 2023-ին Խաչանովն ԱՄՆ-ի Բրբանկ քաղաքում Արցախին նվիրված բարեգործական ակցիայի էր մասնակցել։ 2023-ի հունվարին ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը գրել էր՝ «Artsakh, stay strong» («Արցա՛խ, դիմացի՛ր»): Խաչանովը ներկայումս Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը: Նա հաղթել է չորս միջազգային մրցաշարերում և ապահովել արծաթե մեդալ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել ավելի քան 300 մարդ, գերեվարվել էին 16-ը, խոշտանգվել՝ 14-ը։ Անհետ կորածների թիվը 42 է։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։