Կառավարությունն Արցախից բռնի տեղահանվածերի աջակցության ծրագիրը երկարաձգել է մինչև 2024-ի վերջ։ Որոշումն ընդունվել է մարտի 28-ի նիստում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ կառավարությունը կշարունակի 40+10 աջակցության ծրագիրը և կներառի արցախցիների ընտանիքներում տեղահանությունից հետո ծնված երեխաներին։
«Այն կիրականացվի նոր եղանակով՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ և՛ անչափահասներին, և՛ չափահասներին։ Առաջարկվող նախագծով պահպանվում են միջոցառման հիմնական պայմանները, միաժամանակ՝ որպես շահառու արդեն դիտարկում ենք 2020 թվականից հետո տեղահանված 6000 ընտանիքներին, ինչպես նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները»,- նշել է նա։
Նախարարի խոսքով՝ ՀՀ-ում բնակարանային ծրագրի շրջանակում հավաստագիր ստացած ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները չեն օգտվի նախագծի հնարավորություններից։
Բացի այդ, որոշակի ժամկետների փոփոխություն է իրականացվում 100 000-ների ու 50 000-ների միջոցառումներում, հնարավորություն է տրվում շուրջ 350 մարդու միանվագ ստանալ 100 000 դրամ։ Այս դիմումներն ընդունվելու են ապրիլի 15-ից, բայց 40+10 համակարգում գրանցվածերը դիմում գրելու կարիք չեն ունենա։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ մինչև ապրիլի վերջ կառավարությունը կավարտի արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը։
«Խոսքը 25-30 000 ընտանիքների բնակարանով ապահովելու մասին է»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ ուշադրություն կդարձնեն բնակարաններ ստանալու հերթականությանը։ Հաշվի առնելով, որ առաջին փուլում ոչ բոլորին կկարողանան ապահովել տներով, աջակցման ծրագիրը կսահմանեն այն ընտանիքների համար, որոնք ավելի ուշ հերթում կլինեն։ «Այսինքն՝ մենք դա դիտարկում ենք որպես կամուրջ՝ դեպի բնակարանային ծառայություն»,- հավելել է Խաչատրյանը։
Նա խոսել է նաև արցախցիներին աշխատանքի տեղավորելու նպատակով բիզնեսը խթանելու պետական ծրագրի մասին, որով հնարավոր է եղել աշխատանք տրամադրել 370 մարդու։
«Շրջանառության մեջ է դրված զբաղվածության ծրագիր, որը նախատեսված է 1000 մարդու համար, հաստատված 370-ից ավել դեպք կա»,- ասել է Մկրտչյանը և հավելել, որ 2024-ից հետո կուսումնասիրեն իրավիճակը և նոր որոշում կկայացնեն ծրագիրը շարունակելու նպատակահարմարության մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 11 800-ից ավել քաղաքացի ապահովվել են աշխատանքով։ «Մենք այս պրոցեսը պետք է քաջալերենք»,- նշել է նա։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ուսուցիչներին մարզային դպրոցներում տեղավորելու ծրագրից արդեն օգտվել է 320-ից ավել մարդ, ընդ որում՝ դպրոցներում աշխատանքի անցածների ընդհանուր թիվը, նաև այդ ծրագրից դուրս, 500 է։