Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ներկա իրողություններում արցախցիների հայրենադարձությունն անհնար է։
«Ստեղծված իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր հայրենիք վերադառնալու մասին։ Մենք պետք է հաշվի առնենք իրողությունները։ Ադրբեջանում դպրոցական տարիներից երեխաների մեջ սերմանում են հայատյացություն, և երկար տարիներ կպահանջվեն, որպեսզի ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի, իսկ հարևանները խաղաղ գոյակցեն»,- ասել է Շահրամանյանը։
Նրա ունեցած տվյալներով՝ այսօր Արցախում 10-11-ից ավել հայ չի մնացել։ «Սրանք հաշմանդամ կամ հիվանդ մարդիկ են, ովքեր չեն կարողանում շարժվել կամ չեն ցանկանում լքել իրենց հարազատների գերեզմանները։ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած բռնի գաղթից հետո նրանց թիվն ավելի մեծ էր, սակայն մի քանի տասնյակ արցախցիներ հետագայում նույնպես նախընտրեցին Կարմիր խաչի օգնությամբ տեղափոխվել Հայաստան»,- նշել է Շահրամանյանը։
Նա ասել է, որ հայկական կողմը կանոնավոր հեռախոսային կապ է պահպանում Բաքվում բանտարկված Արցախի նախկին ղեկավարների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին գերեվարված յոթ զինվորի հետ։
Ինչ վերաբերում է Արցախի ղեկավարության ներկայացուցիչների հետ Ադրբեջանի հայտարարած հեռուստահարցազրույցին, ապա, ըստ Շահրամանյանի, հարցազրույցը, ամենայն հավանականությամբ, եթեր կհեռարձակվի այսօր՝ մարտի 28-ին։ «Չգիտենք, թե կոնկրետ ում հետ, բայց ենթադրում ենք, որ դա իմ նախորդն է՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Լևոն Մնացականյանը, ով 2015-2018 թվականներին զբաղեցրել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը»,- նշել է Շահրամանյանը։
Նա ընդգծել է, որ այդ հարցազրույցներն արվել են հարկադրանքով և օգտագործվելու են զուտ քարոզչական նպատակներով։ «Ես պահանջում եմ նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել, ինչպես բոլոր հայ բանտարկյալներին, և խնդրում եմ Ֆրանսիային ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահի վրա»,- ասել է Շահրամանյանը։
Նա կտրականապես հերքել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և սեպտեմբերի 9-ին իր նախագահ ընտրվելու կապը։ Շահրամանյանը նշել է, որ ադրբեջանցիները վաղուց են կենտրոնացրել իրենց զորքերը շփման գծում, հատկապես՝ հատուկ նշանակության ջոկատները։
«Սեպտեմբերի 19-ին ագրեսիայի առաջին իսկ րոպեներից մենք հասկացանք, որ պետք է միայնակ պաշտպանվենք, և որ ռուս խաղաղապահներն էլ մեզ չեն օգնի։ Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրության հնարավորություն չունեինք, ուստի շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար, և տասներկու ժամ տևած բանակցություններից հետո Արցախի պաշտպանության բանակը դադարեցրեց դիմադրությունը»,- ասել է Արցախի նախագահը։
Նա հավելել է, որ բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է արցախցիներին տեղափոխելու նպատակով՝ զավթիչների կողմից ջարդերից խուսափելու համար։ Շահրամանյանը պատմել է նաև, թե ինչպես է կայացրել Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու որոշումը: Նրա խոսքով՝ Բաքուն Լեռնային Ղարաբաղի խորհրդարանից պահանջել է հայտարարել ինքնիշխանությունից և պետականությունից հրաժարվելու մասին, իսկ ի պատասխան՝ առաջարկել է հայտարարել Արցախի ինքնալուծարման մասին՝ գիտակցելով այս փաստաթղթի անօրինականությունը։
«Ի պատասխան՝ ես առաջարկեցի, որ 2024 թվականի հունվարի 1-ին ես ինքս հայտարարեմ Արցախի ինքնալուծարման մասին։ Սա երաշխավորում էր համեմատաբար անվտանգ տարհանում: Ես հիանալի հասկանում էի, որ այս փաստաթուղթն անօրինական է և հակասահմանադրական, քանի որ այն պետք է վավերացվեր Արցախի Հանրապետության իրավական կառույցների կողմից, բայց սա իմ հայրենակիցներին փրկելու միջոց էր»,- ասել է Արցախի նախագահը։
Հոդվածում նշվում է նաև Արցախի վտարանդի կառավարության մասին, որը ձևավորվել է Շահրամանյանի՝ Հայաստան ժամանելուն պես։
Վտարանդի կառավարությունը, նշել է Արցախի նախագահը, ծառայում է որպես ժողովրդի կենսական ներկայացուցիչ, երբ օրինական իշխանությունը չի կարող գործել իր տարածքում:
Կառավարության մարտի 28-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը՝ հայտարարելով «ինչ-որ վտարանդի կառավարության» մասին:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։
2023 թվականի դեկտեմբերին արցախյան ավելի քան 150 կազմակերպություններ, կուսակցություններ, լրատվամիջոցներ և հասարակական գործիչներ ստորագրել էին հայտարարություն՝ ուղղված ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով պայմաններ Արցախի բնակիչների վերադարձը համար։ Փետրվարին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել այդ գործընթացին։