«Հայաքվեն» նախատեսում է 2023թ. Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված հերոսների կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմ հրատարակել, հայտնում է նախաձեռնության մամուլի ծառայությունը:
Նախաձեռնությունն ավարտել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի տվյալների հավաքագրումն ու հրապարակումը։ Ընդհանուր առմամբ՝ 167 զոհի և անհետ կորածի կենսագրություն է հավաքագրվել:
«Հաշվի առնելով, որ իշխանությունները մեր հերոս եղբայրների հիշատակի հավերժացման հարցում հանցավոր անգործություն են դրսևորում, «Հայաքվեն» 2023-ի հոկտեմբերից 2024-ի մարտ ամիսների ընթացքում զոհերի հարազատներից հավաքագրելով նրանց սխրանքի ու հերոսության պատմությունները՝ ամեն օր մեկական կենսագրություն ներկայացրեց»,- ընդգծում են նախաձեռնությունից:
2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ: Դրա հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվել էր, 400-ը՝ վիրավորվել։ 2023 թվականի նոյեմբերին Լեմկինի ինստիտուտը արցախահայության հետ կատարվածն անվանել էր ցեղասպանություն։