ԿԽՄԿ ներկայացուցիչների վերջին տեսակցությունը Բաքվում պահվող հայերի հետ եղել է ապրիլին, Armenia Today-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ մեկնաբանելով Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին հարցը:
Նրա խոսքով՝ այդ տեսակցությունները պարբերական բնույթ են կրում և, սովորաբար, տեղի են ունենում ամիսը մեկ անգամ: Նա նաև հայտնել է, որ առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկություն ենթակա չէ հանրային մեկնաբանության, և ազատազրկման վայրերում իրենց աշխատանքը բացառապես կոնֆիդեցիալ բնույթ է կրում:
«Ցանկացած նկատառում, որ մենք կարող ենք ունենալ տեսակցությունների շրջանակներում, ուղղում ենք միայն պատկան մարմիններին, որոնք պատասխանատու են այդ անձանց պահման պայմանների և առողջական վիճակի համար»,- նշել է Ամատունին:
Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել էր, որ Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։
Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ Սեպտեմբերի 28-ին դատարանը Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, դրանց գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» շինծու մեղադրանքներով։ Հայաստանի կառավարությունը Վարդանյանի գերեվարման հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հունվարի 25-ին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Վարդանյանի և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կալանքների ժամկետները։ Վարդանյանից բացի Բաքվի բանտում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։