Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում հունիսի 21-ին ցուցադրված «դիմակահանդեսը» ՀՀ իշխանությունների հերթական խայտառակ ոտնձգությունն էր Արցախի և արցախցիների հանդեպ, հայտարարել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա խորհրդանշական է համարել, որ Արցախի ներկայացուցչության նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքը համընկել է նույն օրը ՀՀ իշխանությունների կողմից Պաղեստին պետության ճանաչման հետ:
«Դա արել են այն իշխանությունները, որոնք ժխտել ու ոտնահարել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ պարարտ հող ստեղծելով ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի ու Արցախի հայաթափման համար, իսկ հիմա էլ թիրախավորում են Արցախի խիստ խոցելի պետական ինստիտուտներին»,- Facebook-ի իր էջում գրել է Բեգլարյանը:
Նա հավանական է համարել, որ ՀՀ իշխանությունները կարող են հայտարարել Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին՝ զուգահեռաբար «հանցավոր կերպով» փակելով Արցախի տեղահանված ժողովրդի վերադարձի հնարավորություններն ու միջազգային օրակարգը։
Հունիսի 21-ին փաստաբան Ռոման Երիցյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանի ուժային կառույցների ծառայողները ջարդել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասները և տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։ Մեքենան առգրավելու Քննչական կոմիտեի մտադրության մասին Երիցյանն ահազանգել էր հունիսի 7-ին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զորակցություն էր հայտնել Արցախի իշխանություններին և իր մեքենան նվիրել ներկայացուցչությանը։
Խոսելով իրեն սպասարկող մեքենայի առգրավման մասին՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ սա մեքենայի հարց չէ, Արցախի մնացորդների վերացման հարց է։ «Այսօր կատարվածի անհրաժեշտությունը չկար։ Այս իրավիճակն անթույլատրելի եմ համարում և դատապարտում, որովհետև դրա իմաստը չեմ տեսնում, որտեղ ասեին՝ կուղարկեինք մեքենան, մեր պայմանավորվածությունն այդպիսին էր։ Մուտքի դռները ջարդելով մեքենան տանելը ցույց է տալիս վերաբերմունքն Արցախի նկատմամբ»,- նշել էր Արցախի նախագահը։