Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանն Armenia Today-ին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներին՝ մասնավորապես, թե ինչպե՞ս է լուծվում նրանց զբաղվածության հարցը և ի՞նչ օգնություն է ցուցաբերում Կոնֆեդերացիան։
Նազարեթյանը տեղեկացրել է, որ Հայաստանի 4 մարզում բնակություն հաստատած 500 արցախցիների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ աշխատանք փնտրող տեղահանվածների 48%-ն արդեն գտել է մշտական կամ ժամանակավոր աշխատանք։
«Աշխատաշուկայում աշխատանք գտածների միայն 19%-ն է, ում զբաղվածությունը համապատասխանում է այն ոլորտին կամ մասնագիտությանը, որը նրանք արել են նախկինում, այսինքն, որում նրանք ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղում։ Դրանք հիմնականում կրթության, զինծառայության, շինարարության ոլորտներն են»,- ասել է Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը։
Նազարեթյանը նշել է, որ բռնի տեղահանվածների եկամտի հիմնական աղբյուրը, ըստ հետազոտության արդյունքների, նպաստներն են կամ աշխատավարձերը։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 92%-ը, նշել է, որ այդ գումարը չի բավականացնում։
«Խնդիրներ ունեն նաև վարձակալության, բնակարանների ու, ընդհանրապես, երկարաժամկետ բնակվելու տեղ գտնելու հետ կապված»,- հավելել է նա։
Նազարեթյանի խոսքով՝ եթե բնակարանային պայմանները մի կողմ դրվեն, ապա Արցախից տեղահանվածները բախվում են նույն խնդիրներին, ինչ Հայաստանի բնակիչները՝ ցածր աշխատավարձ և գործազրկության բարձր մակարդակ։ Հարցված արցախցիների մեծ մասը, ըստ նրա, թերի կամ ընդհանրապես չի տիրապետում ՀՀ օրենսդրությանը, շատերը չգիտեն նաև, թե ինչպե՞ս ներկայացնել և պաշտպանել իրենց իրավունքները։
Նազարեթյանը նշել է, որ բռնի տեղահանվածները նաև բախվում են պետական աջակցության ծրագրերի հասանելության դժվարություններին, բացառությամբ՝ նպաստները, առկա է իրազեկվածության պակաս, դիմելու հետ կապված խնդիր։ Արցախցիները հաճախ են բախվում տեխնիկական խնդիրների և չգիտեն, թե ինչպե՞ս դիմել օգնության կամ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար։ Շատ արցախցիներ տարբեր ոլորտներում մասնագիտական վերապատրաստման կարիք ունեն՝ գյուղատնտեսությունից մինչև կարուձև և կարպետագործություն:
Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը հայտնել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողները վարելահողերի, ինչպես նաև գյուղտեխնիկայի, անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ մանր ու խոշոր եղջերավոր անասունների, նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման հետ կապված խնդիրներ ունեն։
Արհմիությունների կոնֆեդերացիան, նրա խոսքով, լուրջ աշխատանք է տանում արցախցիների իրավունքների պաշտպանության, նրանց մասնագիտական վերապատրաստման և աշխատաշուկայում աշխատանքի տեղավորման ուղղությամբ, այդ թվում՝ բռնի տեղահանվածներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ։
Նազարեթյանը տեղեկացրել է, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աջակցությամբ վերջերս ստեղծվել է բռնի տեղահանվածների և ՀՀ-ում բնակություն հաստատածների արհմիություն, որի կազմում արդեն 100-ից ավելի արցախցի կա։
«Արհմիության նպատակն է նաև համախմբել մեր հայրենակիցներին իրենց խնդիրների շուրջ և աջակցել»,- պարզաբանել է նա:
Կոնֆեդերացիան իր կանոնադրական լիազորությունների շրջանակներում տարատեսակ օգնություն է ցուցաբերում տեղահանվածներին, մասնավորապես՝ օգնում է փաստաթղթերի և Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերում։ Որոշ դեպքերում՝ հնարավոր է դարձել նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել Արհմիության 18 ոլորտային ստորաբաժանումների միջոցով։ Հարցերը, որոնք դուրս են Կոնֆեդերացիայի լիազորություններից, ուղարկվում են համապատասխան պետական մարմիններին և միջազգային գործընկերներին, ինչպես նաև հասցեագրվում են բարերարներին։
Նազարեթյանը պատասխանել է հարցին, թե որքանո՞վ է արդարացի հարկային և այլ արտոնություններ տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին՝ Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի (ներկայումս կազմում է 15%), ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի անկման ֆոնին։
«Եթե այս հարցը դիտարկենք զուտ հասարակական հարաբերությունների տեսանկյունից, ապա կարող է անարդարության զգացում լինել երկու կողմի դեպքում էլ՝ և՛ արտոնություն ստացողի, և՛ արտոնություն չստացողի կողմից։ Բայց եթե մենք խոսում ենք իրավական դաշտում կամ քաղաքականության մշակման համատեքստում, բնական է, որ սկզբնական շրջանում, այդ աղետալի իրադարձություններից սկսած՝ մեր հայրենակիցները հայտնվել էին ՀՀ բնակիչներից շատ ավելի տարբեր իրավիճակում ու կարգավիճակում և, բնականաբար, պետք է այդպես էլ լիներ իրենց նկատմամբ մշակված քաղաքականությունը, որն իրականացվում է մինչև օրս։ Հասկանալի է, որ հետագա փուլերը պետք է տանեն այնպիսի գործողությունների և օրենքների ընդունման և միջոցառումների իրականացման, որոնք ժամանակի ընթացքում, իմ անձնական կարծիքով, բերելու են բոլորին մի հարթություն»,- ասել է նա։
Նարազրեթյանն ընդգծել է, որ արտոնությունների տրամադրումն անհրաժեշտ է որպես ժամանակավոր գործիք՝ վերացնելու այդ տարբերությունները, մեղմելու Արցախից տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև հնարավորություն ընձեռելու նրանց արագ ինտեգրվել Հայաստանի հասարակությանը։
Սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ Արցախից տեղահանվածները մի քանի բողոքի ակցիաներ էին անցկացրել Երևանում, այդ թվում՝ մարտի 1-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ՝ ընդդեմ Արցախի բնակիչներին բնակարանով ապահովելու Հայաստանի կառավարության նախագծի, որի մասին փետրվարի 28-ին հայտարարել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։