Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ Արցախից բռնի տեղահանվածների ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ Արցախ հայերի վերադարձի վերաբերյալ։
«ԵՄ-ն շատ հստակ է արտահայտվել այս հարցում, և ես նաև ակնկալում եմ, որ Ղարաբաղի հայերը կմասնակցեն կարգավորման գործընթացին, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ»,- ասել է նա JAMnews-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ արցախցիների վերադարձը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս։ «Ադրբեջանը, իրոք, ունի պարտավորություններ այս հարցում, ինչը, ինձ թվում է, չի հերքում»,- նշել է դիվանագետը։
Կլաարն ընդգծել է, որ Բաքվի կողմից բարձրացված, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի հարցը չի կարող դիտարկվել այս համատեքստում։ «Առաջինը նպաստում է Ղարաբաղի հայերի վերադարձին իրենց պապենական օջախներ, ինչը Ադրբեջանի պարտավորությունն է։ Երկրորդը հայերի հարցն է, որոնք նախկինում ապրել են Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում, կամ ադրբեջանցիների, որոնք նախկինում ապրել են Հայաստանում»,- պարզաբանել է նա։
Եվրոպացի դիվանագետը հայերի` Ադրբեջանի քաղաքներ, որտեղից նրանք հեռացել են 80-ականների վերջին և 20-րդ դարի 90-ականների սկզբին, ինչպես նաև ադրբեջանցիների` Հայաստանի բնակավայրեր տեղափոխելու հնարավորությունը «կարգավորման արդյունք» է անվանել:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոստովանել է, որ Բրյուսելը դեռևս չի կարողացել «իրականում առաջընթաց գրանցել» Ադրբեջանում բանտարկյալների ազատ արձակման և անհայտ կորածների որոնման հարցում։ «Վստահ եմ, որ սա կմնա առանցքային խնդիր իմ իրավահաջորդի համար»,- եզրափակել է նա։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ 2023 թվականի դեկտեմբերին արցախյան ավելի քան 150 կազմակերպություններ, կուսակցություններ, լրատվամիջոցներ և հասարակական գործիչներ ստորագրել էին հայտարարություն՝ ուղղված ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների՝ պահանջելով պայմաններ ստեղծել արցախցիների վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար։ Փետրվարին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել այդ գործընթացին։