Ադրբեջանական կողմը հարգում է միայն այն հայերի վերադարձը, «ովքեր հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
Այսպես է Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել Արցախի հայերի վերադարձի վերաբերյալ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը։
Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ Արցախից բռնի տեղահանվածների ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ Արցախ հայերի վերադարձի վերաբերյալ։ Նա նաև ընդգծել էր, որ Բաքվի կողմից բարձրացված, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի հարցը չի կարող դիտարկվել այս համատեքստում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Կլաարի այն հայտարարությունը, որ Արցախի հայերի դեպքը հատուկ է։ Ըստ այդ երկրի ԱԳՆ-ի՝ Հայաստանը պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել Հայաստանից հեռացած ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար»։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ 2023 թվականի դեկտեմբերին արցախյան ավելի քան 150 կազմակերպություններ, կուսակցություններ, լրատվամիջոցներ և հասարակական գործիչներ ստորագրել էին հայտարարություն՝ ուղղված ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների՝ պահանջելով պայմաններ ստեղծել արցախցիների վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար։ Փետրվարին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել այդ գործընթացին։