Լեհ քաղաքական գործիչ, փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը հայտարարել է, որ Արցախի համար գործունեություն ծավալելու պատճառով իրեն ազատազրկման են դատապարտել ու տուգանել են։
«Ինձ Լեհաստանում դատապարտեցին 3 ամսվա ազատազրկման և բարձր տուգանքի։ Այս որոշումը կապված է Արցախի համար իմ գործունեության, հայ գերիների ազատ արձակման և Ռուբեն Վարդանյանին (Արցախի նախկին պետնախարար, գործարար-խմբ․) աջակցելու հետ»,- X-ում գրել է լեհ գործիչը։
Բուչեկը նաև հռետորական հարց է հնչեցրել՝ կապված իրեն դատապարտելու որոշման պատվիարտուների հետ։
«Ո՞վ կարող է գուշակել, թե ինչի համար եմ դատապարտվել։ Ո՞վ է կանգնած մեղադրանքի հետևում»,- հավելել է նա։
Տոմաշ Լեխ Բուչեկը հանդիսանում է Կանաչների կուսակցության անդամ, Լյուբլին մարզի Կանաչների կուսակցության նախագահ, Եվրոպական Կանաչների արտաքին հարաբերությունների խմբի անդամ, Արցախ հիմնադրամի նախագահ, իրավապաշտպան։
2020 թվականին Բուչեկը մարդկության դեմ գործած հանցագործությունների համար Ադրբեջանին միջազգային տրիբունալի առաջ կանգնեցնելու նախաձեռնություն էր սկսել, որը մոտ 120 հազար ստորագրություն էր հավաքել։ Նա հեղինակել է նաև «Հայ մոր լացը. 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը», «Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ընդդեմ հայերի․ Արցախ-2020» գրքերը։
Բաքվի դատարանը մայիսին երկարացրել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված գործիչների կալանքների ժամկետները։ Մայիսի 27-ին Բաքվի դատարանը մերժել էր Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։