Արցախահայությունը պետք է հեռանկարում հետ վերադարձի հնարավորություն ունենա, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա՝ հետվերադարձի նպատակն այլ ընթացակարգեր է պահանջում, միևնույն ժամանակ, դա պահանջում է նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։
Քոչարյանը դժվարացել է պատասխանել, թե արդյո՞ք հետվերադարձի մասին դրույթը խաղաղության պայմանագրում կներառվի՞, թե՞ ոչ։
Բացի դրանից, նա հիշեցրել է, որ բռնի տեղահանվածների վերադարձի նախադեպեր միջազգային պրակտիկայում կան։ «Այդպիսի նախադեպեր կան՝ Կոսովոյի նախադեպը, որը կարելի է օգտագործել որպես մեր նպատակին հասնելու իրավական գործընթաց»,- ասել է նա։
Ըստ Քոչարյանի՝ խաղաղության պայմանագրի առկայության դեպքում Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքներից դուրս գալու, գերիների ազատ արձակման, ճանապարհների ապաշրջափակման, արցախցիների վերադարձի հարցերն ավելի մեծ հնարավորություն ունեն լուծվելու։ Միաժամանակ Քոչարյանը չի բացառել, որ դրանք կարող են նաև լուծվել մինչև պայմանագիրը։
«Չի կարող գերիների խնդիրը մնալ, եթե խաղաղության պայմանագիր կա, գերիների խնդիրը լուծված կլինի կնքվելուց առաջ, թե հետո, տևական ինտերվալ չի կարող իր մեջ պարունակել»,- ավելացրել է նա։
Սեպտեմբերի 2-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե արցախահայության վերադարձի վերաբերյալ հայտարարությունները վնասում են ՀՀ պետական շահին, միայն իր ընկալումն են և տեղավորվում են Արցախի հարցի «նշաձողն իջեցնելու» քաղաքանության մեջ։ Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ Արցախից բռնի տեղահանվածների ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ Արցախ հայերի վերադարձի վերաբերյալ։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ 2023 թվականի դեկտեմբերին արցախյան ավելի քան 150 կազմակերպություններ, կուսակցություններ, լրատվամիջոցներ և հասարակական գործիչներ ստորագրել էին հայտարարություն՝ ուղղված ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպությունների՝ պահանջելով պայմաններ ստեղծել արցախցիների վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար։ Փետրվարին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել այդ գործընթացին։