2023 թվականին հայերի բռնի գաղթից հետո Արցախում մնացել է 100 միլիարդ դոլարի գույք, «Մեկ տարի առանց Արցախի. վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» համաժողովի ժամանակ հայտարարել է Genesis Armenia վերլուծական կենտրոնի պատմական գծով խորհրդատու Արմեն Սարգսյանը։
«Մոտավոր հաշվարկներով՝ Արցախում մնացել է 100 միլիարդ դոլարի գույք, այս ամենն ավելի լուրջ ուսումնասիրության կարիք ունի ոչ թե այն պատճառով, որ մենք կորցրինք Արցախը, այլ որ երբ վերադառնանք, ունենանք շատ ավելի մանրամասն գույքագրում»,- պարզաբանել է նա։
Նրա խոսքով՝ վերաբնակեցումից հետո արցախցին Լեռնային Ղարաբաղում թողել է 11 450 բնակարան, 13 550 տուն, 15 գործարան, 60 ֆաբրիկա, ինչպես նաև օդանավակայան, 4 ջրամբար, 5 ջրանցք, 37 հիդրոէլեկտրակայան, 48 հանք, 11 հիվանդանոց, 3500 հա անտառ և 1000 հա նռան այգիներ։
Սարգսյանը հավելել է, որ բացի սրանից՝ այնտեղ մնացել է 385 եկեղեցի և 60 վանական համալիր, 200 մշակութային կենտրոն, 25 թանգարան, 156 գրադարան, 4 բուհ, 7 քոլեջ, 232 դպրոց, 232 մարզադահլիճ, 11 մարզադպրոց, 4 մարզադաշտ, 2385 խաչքար։
Նա ընդգծել է, որ արցախահայության մշակութային ժառանգության հուշարձանների թիվը վերջնական չէ, քանի որ արցախյան գաղթի ժամանակ շարունակվում էին պատմամշակութային նշանակության նոր օբյեկտների հայտնաբերման աշխատանքները։
Փորձագիտական գնահատականներով՝ 44-օրյա պատերազմից երեք տարի անց Արցախի բնակչությունը նվազել է 40 հազարով։
«Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմն Արցախի բնակչությունը կազմում էր 147.000 մարդ, իսկ 2023թ. սեպտեմբերի դրությամբ՝ 107.000, քանի որ կորցրել ենք Քարվաճառի, Քաշաթաղի և Հադրութի շրջանները, և դրանց բնակչությունն ամբողջությամբ չի վերաբնակվել Հայաստանում, սակայն որոշները. տեղափոխվել են Ստեփանակերտ և ապրել այնտեղ։ Ստեփանակերտում հիմնականում գաղթականներ են եղել Հադրութի շրջանից, իսկ Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների բնակիչների 90-95%-ը տեղափոխվել է Հայաստան, քանի որ մինչ այս շրջանների ազատագրումը հիմնականում բնակվում էին Հայաստանում»,- պարզաբանել է Սարգսյանը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։