Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով գտնվում է Բաքվի բանտում, Telegram-ի իր էջում գրառում է տեղադրել, որում պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե ինչո՞ւ է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ։
Փաշինյանն օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսում խոսել էր Վարդանյանի մասին և ասել՝ «ո՞վ է նրան Հայաստան ուղարկել, ո՞վ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով և ի՞նչ երաշխիքներով»:
Վարդանյանը գրել է, որ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ և ընդունել հանրապետության պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկը, քանի որ մտահոգված է Արցախի և նրա ժողովրդի ճակատագրով։
«Յուրաքանչյուր մարդ մտածում է ուրիշի գործողությունների մասին՝ ելնելով իր կյանքի օրինաչափություններից ու սկզբունքներից»,- նշել է Վարդանյանը։
Վարդանյանը 2018 թվականին ՀՀ վարչապետի հետ առաջին հանդիպման ժամանակ ասել էր, որ չի պատրաստվում խառնվել հայաստանյան քաղաքականությանը և զբաղվում է բարեգործությամբ, և միակ բանը, որ կարող է փոխել իր մոտեցումը, դա Արցախի ճակատագիրն է։
«2020 թվականի իրադարձությունները և Արցախի դեմ շարունակվող սպառնալիքներն ինձ համար շրջադարձային էին, ինչի մասին ես միշտ բացահայտ և հետևողականորեն հայտարարել եմ։ Այսուհետ իմ բոլոր գործողությունները թելադրված են Արցախի և նրա ժողովրդի ճակատագրի մտահոգությամբ»,- նշել է Վարդանյանը։
Նա հավելել է, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն է ունեցել իրեն հարցեր ուղղել 2022 թվականի նոյեմբերին՝ իրենց վերջին հանդիպման ժամանակ, երբ գործարարը դեռ Արցախի պետնախարարն էր, բայց նա դեռ պատրաստ է պատասխանել իր ցանկացած հարցին։
Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ Բաքվի դատարանը մայիսին երկարացրել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված ներկայացուցիչների կալանքների ժամկետները։ Մայիսի 27-ին Բաքվի դատարանը մերժել էր Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։