Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ըստ աղբյուրի՝ հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։