Վենետիկի մերձակայքում գտնվող Իզոլա դի Սան Լացցարո դելի Արմենի (Isola di San Lazzaro degli Armeni) հայ կաթողիկե վանքում Արցախյան մշակույթին և Արցախում էթնիկ զտումների տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել, հաղորդում է «301»-ը:
Արցախի թեմի եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանը նշել է, որ միջոցառման նպատակն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ և մշակութային ցեղասպանության մասին քրիստոնեական աշխարհին իրազեկելն է, գրում է պորտալը:
«Վրթանես սրբազանը նաև հույս է հայտնել, որ այդ ջանքերը կնպաստեն Հայաստանի, Սփյուռքի և Արցախի ժողովրդի միասնականության ամրապնդմանը՝ Հայոց հզոր պետականություն կառուցելու վերջնական նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սրբազանը հայտարարել է, որ Արցախի վրա հարձակումից ընդամենը մեկ տարի անց Ադրբեջանն արդեն ոչնչացրել է հայկական մշակութային հուշարձանների ավելի քան 15%-ը։
Երեկոյին մասնակցել են ինչպես տեղի հայեր, այնպես էլ արտասահմանցի հյուրեր: Արցախից հայերի բռնի տեղահանումից մեկ տարի անց Արցախյան ժառանգությանը նվիրված միջոցառումներ են անցկացվում եվրոպական տարբեր երկրներում: Իրավապաշտպանները բարեգործական կազմակերպությունների և Արցախի թեմի հետ համագործակցությամբ Եվրոպայի հայ համայնքներում շրջայց են սկսել, որի ընթացքում ներկայացնում են հայկական մշակույթի գլուխգործոցները:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան տեղահանվածների թիվը գերազանցել է 100 000-ը։ 2023 թվականի դեկտեմբերին արցախյան ավելի քան 150 կազմակերպություն, կուսակցություն, ԶԼՄ և հասարակական գործիչ ստորագրել են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և միջազգային այլ կազմակերպություններին ուղղված հայտարարություն՝ արցախցիների՝ Արցախ վերադարձի պայմանների ապահովման պահանջով։
2023 թվականի հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր միջազգային հանրության անգործության պայմաններում Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության և մշակութային ցեղասպանության ոչնչացման սպառնալիքի մասին։ Caucasus Heritage Watch-ը (CHW), վկայակոչելով արբանյակային լուսանկարները, հունիսի 24-ին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ավերված օբյեկտների թիվը 2023 թվականի սեպտեմբերին այնտեղից հայերի բռնի տեղահանման պահից ի վեր աճել է 75%-ով։