Բաքվում պահվող պատանդների ազատ արձակման մեծ սպասումներ կան COP29-ի համատեքստում, որն ունի առանցքային մարդու իրավունքների կոմպոնենտ, լրագրողներին հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով, սակայն, Արցախի ղեկավարության ազատ արձակումն իրատեսական չէ։
«Իրատեսական մոտեցման պարագայում Արցախի ղեկավարության ազատ արձակման կանխատեսում չունենք, սակայն չենք բացառում, որ այլ կատեգորիաների պատանդները, օրինակ 2023թ․ պատերազմի ռազմագերիները, կարող են մարդասիրական ժեստի ֆոնին ազատ արձակվել»,- ասել է նա։
Իրավապաշտպանը նշել է, որ իրավական համակարգում զուգահեռաբար աշխատանքներ են տարվում։
«Գործերից որոշներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով Ադրբեջանի կառավարության հետ ակտիվ կոմունիկացիա կա, սակայն դրանք ևս եզրափակված գործընթացներ չեն, ուստի այս փուլում դեռ պետք է սպասել»,- նշել է նա։
Սահակյանը շեշտել է, որ ռազմագերիների ազատման համար աշխատանքի ուղղությունն այս ժամանակահատվածում պետք է լինի դիվանագիտական-քաղաքականը, դրան միտված քայլերից մեկը մարդու իրավունքների խորհրդի այս նստաշրջանում խնդիրը բարձրաձայնելն է։
Խոսելով ռազմագերիների դատավարության մասին՝ Սահակյանը շեշտել է, որ Ադրբեջանի դատական և իրավական համակարգը կատարում է իշխանությունների պատվերը, և այդ պայմաններում արդար դատավարության ակնկալիք չպետք է ունենալ։
«Ադրբեջանի ատմության մեջ հայերի նկատմամբ որևէ արդարացնող դատական ակտ չի կայացվել։ Անկախ այդ փաստերի իրավական, փաստական հիմնավորվածությունից՝ Ադրբեջանի դատարանները քաղաքական պատվերի հիման վրա վավերացնում են այն մեղադրանքները, որոնք ներկայացնում է դատախազությունը։ Անգամ հայտարարությունների ժամանակագրությունն ուսումնասիրելով կարող ենք տեսնել, որ բանավոր կերպով հրապարակային պատվեր է տրվում նախագահի, Արտաքին գործերի նախարարի մակարդակով, որին հետևում է իրավապահ համակարգի հայտարարությունը, որ նրանք բացահայտել են հայերի կողմից տարաբնույթ հանցագործություններ։ Սա ցույց է տալիս, որ ձևավորվում է քաղաքական պատվեր, և իրավապահ համակարգը սպասարկում է»,- ասել է միջազգային իրավունքի մասնագետը։
Նա ընդգծել է, որ միջազգային անկախ կառույցները բարձրաձայնում են Ադրբեջանում «հեռախոսային» արդարադատությունը, քաղաքական պատվերով դատական ակտերի կայացումը, ուստի հայկական կողմը պետք է աշխատի միջազգային ատյաններում։
«Ադրբեջանը քաղբանտարկյալների թվով աշխարհի մակարդակով առաջատարների շարքում է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քաղաքական նկատառումներով իրավունքների չարաշահման հարցով ամենամեծաթիվ դատական ակտերը կայացրել է հենց Ադրբեջանի դեմ, ուստի որևէ սպասում չպետք է լինի, որ այդ դատական գործընթացի միջոցով կարող է բացահայտվել ճշմարտությունը, մեր պայքարի հիմնական հարթակը միջազգային ատյաններն են»,- ընդգծել է նա։
Սահակյանը հավելել է, որ ՄԻԵԴ-ում միջպետական գանգատի շրջանակում ներկայացված գանգատներն անհատական մակարդակով բարձրաձայնվել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող մեխանիզմներում, օրինակ՝ մեծաթիվ բողոքներ են ներկայացվել կամայական ազատությունից զրկվելու հարցերով զբաղվող ՄԱԿ-ի աշխատանքային խմբին, Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, ինչպես նաև Բռնի կամ հարկադիր անհետացման հարցերով զբաղվող աշխատանքային խմբին։
«Հաշվի առնելով, որ այդ խնդիրը միջպետական գանգատով ներկայացված է Եվրոպական դատարանում, մենք դիվերսիֆիկացնում ենք մեխանիզմները, որպեսզի ուժեղացնենք քաղաքական և իրավական ճնշումն Ադրբեջանի նկատմամբ»,- եզրափակել է նա։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում նաև Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունն է։ Քյարամյանը նաև նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։
Մարտի 9-ին Hartford Courant-ը պատմել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խոշտանգումների մասին: Հունիսի 14-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայտնել էին, որ նրան Բաքվի բանտում խոշտանգում են։