Հետևողական ջանքեր են անհրաժեշտ բռնի տեղահանված արցախցիների՝ հայրենի բնօրրան վերադարձի իրավունքի պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և գերության մեջ գտնվողների ազատ արձակման համար, Էջմիածնում տեղի ունեցած միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպմանը հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Նա իր խոսքում կարևորել է Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի և քույր եկեղեցիների միջև ձևավորված սերտ գործակցությունը, որի շնորհիվ զորանում է փոխըմբռնման և միմյանց նեցուկ լինելու ոգին։
«Եղբայրական այս սիրո ականատեսը դարձանք մեր երկրի և ժողովրդի համար աղետալի շրջանում, երբ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ լայնածավալ պատերազմական գործողություններ սանձազերծեց Արցախի դեմ։ 2023 թվականին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը։ Այդ տագնապալի օրերին մեր քույր եկեղեցիները զորավիգ էին իրենց աղոթքներով՝ ընդդեմ անարդարության ու ոճրագործության»,- նշել է նա։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ-ի վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։