Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները Բաքվում հայցեր են ներկայացրել իրենց պաշտպանյալի նկատմամբ խոշտանգումների և արագ դատավարության իրավունքից զրկելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով փաստաբանների հայտարարությանը։
Նշվում է, որ ադրբեջանցի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել հայցերը։
Հայցերից մեկը վերաբերում է 2024 թվականի ապրիլին Վարդանյանի հայտարարած հացադուլի ժամանակ նրա նկատմամբ դրսևորած վերաբերմունքին։ Ըստ փաստաբանների՝ ի պատասխան հացադուլի՝ Վարդանյանին տեղավորել են պատժախցում, ստիպել են կանգնել, արգելել են լվացվել, երկու օրով զրկել են ջրից։ Ըստ պաշտպանական կողմի՝ այդ գործողությունները համարվում են խոշտանգում։
Երկրորդ հայցով Վարդանյանի փաստաբանները հայտնել են, որ 2023 թվականից ի վեր նրա կալանավորմամբ խախտվել է արագ դատաքննության իրավունքը։ Մեկ այլ հայցի շրջանակներում Վարդանյանի պաշտպանությունը մեղադրել է ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթին նախկին պետնախարարին զրպարտելու մեջ։
Հայտարարության մեջ Վարդանյանի փաստաբանները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել երկրում պահվող բոլոր հայ գերիներին մինչև նոյեմբերին կլիմայական COP-29 գագաթնաժողովի մեկնարկը։
Վարդանյանին Ադրբեջանը ձերբակալել էր 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի անցակետում։ Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։ Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։ 2024-ի մայիսին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետները։ Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր Արցախի ղեկավարների գործի նյութերը դատարան փոխանցելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Բաքուն հայտնել էր Ադրբեջանում ձերբակալված արցախցի առաջնորդների դեմ նոր մեղադրանքի մասին։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Բացի Վարդանյանից, նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։